Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
27.07.2023 | 12:38

(սկիզբը` այստեղ)

Այսպես Ս. Ղազար կղզին դառնում է հայ գրի ու գրչության ամենանշանվոր կենտրոններից մեկը, որն այսօր այցելելով՝ դժվար է պատկերացնել, որ աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր զբոսաշրջիկների և գիտնականների իրեն ձգող մշակութային այս օրրանը Մխիթարյանների հաստատվելուց առաջ լքված մի վայր է եղել, որը երկար տարիներ ծառայել է որպես անկելանոց։
Սուրբ Ղազարը, երբ Մխիթարն այն ստացավ, 7 200 քառակուսի մետր տարածությամբ փոքրիկ մի կղզյակ էր, որն իր անվանումը ստացել էր բորոտավորների հովանավոր՝ Նոր Կտակարանում հիշվող «աղքատ ու բորոտ Ղազարոսից, քանզի 12-րդ դարից սկսած շուրջ 2 դար ծառայել էր որպես բորոտների բնակատեղի։ Մինչ այդ՝ 9-րդ դարում (810 թ․), այն եղել է բենեդիկտյան նստավայր։
1182 թ․ կղզում կառուցվում է հիվանդանոց՝ Արևելքի հետ առևտրի արդյունքում 12-րդ դարում Վենետիկում հայտնված վարակիչ հիվանդության տարածումը կանխելու նպատակով բորոտավորներին այստեղ մեկուսացնելու համար։
Կղզու ընտրությունը պայմանավորված էր Վենետիկ քաղաքը կազմող գլխավոր կղզիներից հարաբերական հեռավորությամբ։
1348 թ․ կղզում կառուցվում է Սուրբ Ղազար եկեղեցին, ինչը վկայում է գոթական գրությամբ արձանագրությունը։ Ժամանակի հետ, երբ հիվանդների թիվն անհամեմատ նվազում է, իշխանությունները կղզում ժողովում են քաղաքի մուրացիկ աղքատներին: 1595 թ․ աղքատների անկելանոցը տեղափոխվում է քաղաք, և կղզին մնում է ամայի` իր հին շինություններով ու եկեղեցով:
Հաստատվելով այստեղ՝ Մխիթարյանները նախ հիմնովին բարենորոգում են Ս․ Ղազար եկեղեցին, ապա Մխիթարի գծագրով սկսվում է նոր վանքի շինարարությունը, որն ավարտվում է 1740 թ.։ 1750 թ․՝ Աբբահոր մահից մեկ տարի անց, ավարտվում է նաև Զանգակատան կառուցումը, որը կցված չէ եկեղեցուն և միայնակ կանգնած է եկեղեցու հյուսիսային կողմում։ Եկեղեցին ուղղանկյունաձև մի շենք է՝ մոտ 75 մետր երկարությամբ և 40 մետր լայնությամբ՝ երկու կողմից շրջապատված մի գեղեցիկ պարտեզով, որն այսօր էլ հայտնի է ոչ միայն իր զանազան պտղատու ծառերով և բանջարեղենների և այլ մշակությունների մարգերով, հարավային կողմում խիտ առ խիտ տնկված դափնիներով, որոնք թե՛ օդն են բարեխառնում իրենց անուշահոտությամբ և թե՛ պաշտպանում են ուժգին փչող քամիներից, վարդերի անզուգական թփերով, որոնց որոշ տեսակներ այսօր շատ հազվագյուտ են հանդիպում (վանականները դարեր շարունակ մշակում են դրանք), այլև զանազան արահետներով, որոնց կամարաձև ծածկը՝ խաղողի տերևներով պատված, հովանի է անում և պաշտպանում է ամառվա տապից, իսկ սիրամարգերը աչքին հաճելի և յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում։ Խաղողի պտուղներից միաբանները ստանում են յուրատեսակ համով սպիտակ գինի՝ այն պատարագի ժամանակ օգտագործելու համար, իսկ վարդերի թերթիկներից՝ յուրահամ մուրաբա։
Այսօր կղզին ունի մոտ 30 000 քառակուսի մետր տարածություն։ Բանն այն է՝ երբ Վենետիկը վերադարձվում է Ավստրիային, նրա կայսր Ֆրանցիսկոս Առաջինը 1815 թ․ այցելում է Սբ Ղազար, որի մասին շատ հետաքրքիր բաներ էր լսել։ Բայց այն, ինչ տեսնում և լսում է տեղում, վեր էր իր բոլոր սպասելիքներից։ Հիանալով սքանչելի ճարտարապետությամբ, միաժամանակ նկատում է, որ կղզին չափազանց փոքր է, և կարգադրում է Միաբանությանը նվիրել ափամերձ ծովի մի հարմար կտոր։ Այսպես սկսվում է Սուրբ Ղազար կղզու արհեստական ընդարձակման գործընթացը, որն իրականացվում է երեք հանգրվանով՝ 1815 թ․, 1912 թ․ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1947-1949 թվականներին ՝ չհաշված մոտ 300 քառակուսի մետր մեծությամբ այն նեղ ու երկար շերտը, որը կղզուն ավելացվում է 2001 թվականին՝ արտաքին պարիսպների նորոգության ժամանակ: Արդյունքում կղզին ընդարձակվում է մոտ չորս անգամ։
1815 թ․ ավելացված հողակտորի վրա կառուցվում է մոտ 50 մետր երկարությամբ մի նոր շենք, որի գետնահարկում շինվում է տպարանը, կազմարարատունը և տպարանի փակ շտեմարանը, իսկ վերնահարկում՝ մի ընթերցարան, որ կոչվում է Ճեմարան, քահանաների բնակության խցերը (ի սկզբանե դրանք 16-ն էին՝ հարմարեցված հին հիվանդանոցից) և նկարազարդ, ոսկեձեղուն մի շքեղ դահլիճ, ուր գտնվում է բնագիտական գործիքների և բնապատմության առարկաների թանգարանը։
Դահլիճի կողքին վեր է բարձրանում աշտարակաձև աստղադիտարանը: 1833 թ․ ավստրիական կառավարությունից Մխիթարյանները գնում են կղզին և դարձնում իրենց մշտնջենական սեփականությունը՝ ազատվելով նախկին բոլոր պարտավորություններից։ 1836 թ․ ամբողջ կղզին շրջափակվում է քարե պարսպով։ Եվ չնայած այդ պարսպին՝ կղզին մեծապես տուժում է 1966 թ. նոյեմբերի 4-ի աննախադեպ ալիքից:
Հեղեղված ծովի ջուրը լցվում է գլխավոր եկեղեցի և մոտ 12 ժամ ողողում փակ այգին: Գրադարանը և ձեռագրատունը բարեբախտաբար ջրհեղեղից չեն տուժում, եկեղեցականներից ոչ ոք նույնպես չի տուժում։ Բայց ահա 1975 թ․ դեկտեմբերի 8-ի գիշերը բռնկված հրդեհը մասամբ ավերում է գրադարանը և վնասում եկեղեցու հարավային կողմը՝ ոչնչացնելով որոշ նկարներ։ Կղզին վնասվում է նաև 2019 թ․ նոյեմբերի 13-ի ջրհեղեղից, որն ամենաուժեղն էր 1966 թվականից ի վեր։
(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 14998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ